Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ա՜յ քեզ, «Խաթաբալա»…
Դե ե՜կ վարդապե՛տ ու մի՛ խենթանա…
Ինչ խոսք՝ ունիկալ ժողովուրդ ենք, բոլորից տարբերվող…
Տարբերվում ենք ինչպես մեր ինքնատիպությամբ, արժեհամակարգով, ազգային դիմագծով, այնպես էլ մեր տարօրինակություններով, զավեշտի ու աբսուրդի հասնող վարքագծով…
Իսկ Հայաստանն այն անկանխատեսելի երկիրն է, որտեղ ինչ էլ պատահի զարմանալու չէ, մանավանդ, որ Հայաստանը ղեկավարող «էլիտան» տեղով ռեբուս է…
Միայն Հայաստանում մառազմի մեկ օրվա դոզան այնքան է, որ ապշելու ժամանակն անսահման է…
Եթե շաբաթը սկսվեց պետության հաշվին մյունխենյան ընտանեկան վոյաժներից, երբ շատերս զարմացանք, թե ինչ գործ ունեն վարչապետի ընտանիքի անդամները Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովին և միակ պատասխանը՝ դեռևս նախորդ վոյաժներից հետո լրագրողներին տրված Փաշինյանի պատասխանն էր, թե բա՝ «Արփիս ինձ ուժ է տալիս. պետք է, որ նման լուրջ հանդիպումներից առաջ նա իմ ծոցը քնի, ես դրա կարիքն ունեմ», ապա կարելի է ենթադրել, որ այսօր էլ նման հարցի դեպքում, կրկին լսելու ենք նույն կամ նույնատիպ պատասխան…
Ախր կինը գրեթե ամենուր ուղեկցում է, հասկանում ենք՝ հոգեխանգարմունք է, պարանոյա է, դեղ ու դարմանն է հասցնում, ճիշտ ժամանակին դեմն առնում, չնայած տեսանք՝ «դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ ու ևս 10 անգամ դրանից առաջ էլ»-ն էլ, բայց որ երեխաներին է տանում՝ դա ուրիշ «կինո» է…
Դե իհարկե, կզարմանանք, որ մի օր չտեսանք Ալիևն ընտանյոք հանդերձ գնա նման հանդիպումների, ուր մնաց ասի, թե՝ «Լեյլաս հետս չլինի, հոգիս կփոթորկվի»…
ԻնչևԷ՝ զավեշտ, կատարյալ աբսուրդ, չլսված, չտեսնված բան…
Դե իսկ այսօր՝ ոչ պակաս պարադոքսալ «բոցերի» ու սենսացիաների շարանն այսպիսինն է.
Պարզվում է՝ մեքենայի զրոներով համարանիշների աճուրդին, որի նախնական գինը 20 մլն դրամ է, գնման հայտ է ներկայացրել 138 մարդ:
Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի «գոլդ» համարի համար նվազագույնը 50 հազար դոլար գումար վճարել…
Պարզվում է՝ արդեն իսկ 10 քաղաքացի ցանկություն է հայտնել վճարել 15 մլն դրամ և չծառայել բանակում…
Եվ քանի որ «կան քաղաքացիներ, որոնք ուզում են օգտվել օրենքից, նրանք արդեն վճարել են 15 մլն դրամ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար, հետևաբար՝ նրանց դեմ հարուցված գործերը կկարճվեն»:
Այս մասին էլ «ավետեց» օրենսդրական փոփոխության հեղինակ ՔՊ–ական պատգամավորը։
Ավելին՝ բյուջեն լցնելու մոլուցքն այն աստիճանի հասել, որ քիչ չէ վարձով բնակարան տվողներին են հարկատու դարձրել, որի արդյունքում բնակարանների գները աստղաբաշխական թվերի են հասել, կառուցապատող ընկերությունների համար նոր հարկատեսակ են սահմանել, որի արդյունքում նորակառույցների բնակարանների գները 30 տոկոսով թանկացել են, հիմա էլ պետությունը մի այնպիսի մառազմատիկ որոշում է կայացրել , ըստ որի ՀՀ այն քաղաքացիները, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել և ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել Պետեկամուտների կոմիտեից, որ 100 հազարից մինչև 1 միլիոն դրամ հարկային պարտավորություններ ունեն և պետք է վճարեն այդ գումարները:
Այսինքն՝ Հայաստանից դուրս ստացված եկամուտը ենթակա է հարկման 21 տոկոս եկամտահարկի դրույքաչափով…
Հանդիպելով ժողովրդի ցասմանը՝ ՊԵԿ նախագահը պետք է անկեղծ զարմանա ու ասի, թե «չեինք մտածում, որ արտագնա աշխատանքի մեկնողները հարկվելու որոշումն այսչափ էմոցիոնալ կընդունեն»…
Այնքան էմոցիոնալ, որ խոպանչիները գլխավոր մայրուղին են փակում, որոշումը չեղարկելու պահանջ առաջ քաշում:
Դե բայց վարչապետը ասել է, որ
«Հայաստանի թիվ 1 հերոսը՝ հարկատուն է», որ եթե «սիրու՞մ ես պետությունդ՝ հարկեր վճարիր և հաղորդիր հանցանքի մասին»…
Այնպես որ, հերոս-քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ, «գործ տալը»՝ թեմա չէ, իսկ այդ որոշման նպատակն էլ՝ բնավ գյուղերը (այն էլ Վարդենիսի ու Մարտունու շրջանի) դատարկելը չէ…
Ի՞նչ դատարկվող գյուղեր, ի՞նչ հիասթափություն, արդյունքում՝ պանդխտություն ու արտագաղթ…
Բա հո չեն նեղանա սեփական երկրից, «ազգընտիր» վարչապետից ու լքեն իրենց գյուղերը…
Բա որ թողնեն ու ընտանիքներով հեռանան, ովքե՞ր են գալու այդ գյուղերին տեր կանգնեն…
Չէ, չէ՜, մի երկու օր փողոց կփակեն, կբողոքեն, հետո լավ էլ կհարմարվեն…
Խոպան էլ կգնան, արտագնա աշխատանքից հարկ էլ կվճարեն…
Ռուսի ասած՝ «куда денутся»…
Հետո կիմանանք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի դիմել ՌԴ-ին՝ իր իսկ կողմից հետախուզվող մարդասպան ադրբեջանցուն Հայաստանին արտահանձնելու և այստեղ արդարադատություն իրականացնելու պահանջով:
Եվ մինչ մերոնք գցում-բռնում էին, թե արդյո՞ք ՌԴ-ից պետք է պահանջեն տվյալ բորենու արտահանձնումը, Ադրբեջանի կառավարությունը հասավ հանցագործ մարդասպանի ազատ արձակմանը։
Այսօր, Բաքվի օդանավակայանում արդեն իսկ ականատես դարձանք «Սաֆարով 2»-ի վերադարձին:
Հային գլխատող ադրբեջանցու հերոսացման ևս մեկ դեպք գրանցվեց…
Անգամ մարդասպանը պետք է իր զարմանքը չթաքցնի ասելով, թե «ես չէի պատկերացնում, որ այսքան շուտ ինձ բաց կթողնեն»…
Ինչևէ, սպասելի էր…
Անպատժելիության ու ամենաթողության նարատիվը «ծնելու է» Սաֆարով 3,4,5….
Իսկ մե՞նք…
Մենք սպորտային ու բարոյական հաղթանակներով «փակում ենք» վրեժը…
Թե չէ ի՞նչ «Նեմեսիս», ի՞նչ «Հայ դատ», ի՞նչ «Ասալա», վրեժ ու վենդետտա…
Մենք «խաղաղության դարաշրջան» բացող խաղաղասեր ազգ ենք…
Է՜հ, ժողովու՛րդ, միամիտ, հոգնած ու բարոյալքված ժողովուրդ…
Քո կամքի ու ցանկության արդյունքն է քո իսկ գլխին բերած ողբերգությունն ու տառապանքը, այս անոմալ իրականությունը…
Հիմա դու՛ «հպարտ ու դուխով» քաղաքացի, հնձում ես այն, ինչ 2 անգամ անընդմեջ ցանել ես…
Ինչ խոսք՝ ներսից ենք փչացած…


















































