Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին, եթե Բաքուն պատրաստակամություն ցուցաբերի՝ մնացած տեխնիկական խնդիրները լուծելու համար։
«Մեր կողմից մենք անում ենք հնարավորը՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում։ Հուսով ենք, որ սա կփոխվի: Մնում է ավարտել տեխնիկական աշխատանքները։ Հույս ունենք, որ կկարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել»,- ասաց Ռուբինյանը։
Ռուբինյանը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն կարողացել են համաձայնության գալ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ՝ դա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է, այս հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատում և սահմանագծումն է, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնվելով ինքնիշխանության սկզբունքի վրա։
Ըստ Ռուբինյանի՝ եթե իրենք կարողանան համաձայնագրի մեջ ներառել երկու երկրների ղեկավարների կողմից արդեն համաձայնեցված սկզբունքները, ապա խաղաղությունը կարող է շատ արագ հասնել։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։


















































