Mehr գործակալությունը հայտնում է, Թեհրանում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին ասել է, որ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։
Աշթիանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, իրենց ամբողջ տարածքի վրա ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը։
Նա նաև ասել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում միանգամայն անընդունելի է։
Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ նույն վերաբերմունքն ունեն տարածաշրջանում կայունության հարցում»։


















































