Երեկ ԵՊԿ ՈՒԽ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել այն մասին, որ ստորագրահավաք են սկսելու՝ ընդդեմ բուհն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու։ Բացի առկա տեղում ստորագրելու տարբերակից նաև էլեկտրոնային ստորագրահավաք է նախաձեռնվել, որպեսզի ստորագրահավաքին կարողանան միանալ նաև արտերկրից:
«Քանի որ դեռևս չեն սկսել քննարկումները, ես լուրջ չեմ ընկալում «ակադեմիական քաղաքի» գաղափարը: Շատ անորոշ է, ոչինչ հստակ չէ, չեմ կարողանում դրան լուրջ վերաբերվել, բայց որպես կանխարգելիչ միջոց միանում եմ ստորագրահավաքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դասախոսներից մեկը։
Կոնսերվատորիայում է նաև Օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է կարևորում, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան լինի քաղաքի կենտրոնում, քանի որ սա մի համալիր է՝ Օպերային թատրոն, Ֆիլհարմոնիա, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Պարարվեստի ուսումնարան և կոնսերվատորիան:
Նա ասաց, որ իրենց դասախոսները պետք է կարողանան այս պահին այստեղ աշխատել, նաև կարողանալ նվագախմբերում նվագել, երգչախմբերում երգել և այլն: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաները գտնվում են մայրաքաղաքների կենտրոնում։ Եթե երաժիշտները ոտքի կանգնեն, ապա իշխանությունը կլսի իրենց։ Նույնը եղավ ժամանակին Օպերային թատրոնում և նա հաղթահարեց այդ դժվար օրերը:
«Երեկ դուք բոլորդ տեսաք՝ ինչ էր կատարվում Ղազարոս Սարյանի օպերային ստուդիայում, ինչքան երաժիշտներ էին հավաքված, ինչ աշխարհահռչակ դեմքեր էին այստեղ: Վստահ եմ՝ բոլորը կլսեմ մեր ձայնը»,- ասաց նա։
















































