«ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույնիսկ իր շեֆին»,- Yerevan.Today-ի զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթի:
«Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»,- ասել է Բագրատ Միկոյանը:
Հիշեցնենք՝ Աժ-ում Արարատ Միրոզյանը հայտարարել էր, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։
«Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց, կարծում եմ, բոլորը կարող են հասկանալ, որ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- նշել էր նա։


















































