Аргументы и факты պարբերականի հետ հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։
Ըստ Պեսկովի՝ Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Իրենք համոզված են, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով են, որ Երևանում կգերակայի քաղաքական կամքը՝ շարունակելու իրենց հարաբերությունների զարգացումը, և հաջողությամբ կանցնեն այս դժվարին շրջանը։
Նա նաև ասել է, որ ԱՊՀ երկրները ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն են, և գրեթե բոլորի հետ Մոսկվան ունի շատ զարգացած երկկողմ հարաբերություններ՝ բացառությամբ Վրաստանի ու Մոլդովայի։
«Իսկ եթե խոսենք մնացածի մասին, ապա բացարձակ հարգանքով ենք վերաբերվում նրանց ինքնիշխանությանը։ Եվ միևնույն ժամանակ մենք հիշում ենք մեր ընդհանուր պատմության, մեր տնտեսական փոխկախվածության մասին, որը ձևավորվել է խորհրդային տարիներին։ Այո՛, այժմ այդ երկրներն ունեն զարգացման իրենց հետագիծը, սակայն նրանց հավատարմությունը միասնական ինտեգրացիոն գործընթացներին մնում է։ Մենք փաստացի ունենք ընդհանուր տնտեսական տարածք ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Կան համագործակցության այլ ձևաչափեր՝ կապված քաղաքականության, անվտանգության և այլնի հետ։ Ինտեգրման այս բոլոր տեսակները կիրառելի են, սակայն դրանց ներուժը հեռու է լիարժեք իրացումից: Ինչ-որ տեղ, իհարկե, խնդիրներ են առաջանում. երբ մենք խոսում ենք նման սերտ փոխգործակցության մասին, դա հնարավոր չէ անել առանց խնդիրների։ Բայց հարաբերությունների գործընկերային բնույթը թույլ է տալիս կառուցողականորեն հաղթահարել այս ամենը», — եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։















































