kommersant.ru-ն գրում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։
Ըստ նրա՝ Երևանը վերջին շրջանում իսկապես չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին…Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ ինքը կասի, որ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն Երևանից չի ստացել։
Նա նաև ասել է, որ քարտուղարությունը կանոնավոր տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվող որոշումների մասին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։
Ըստ Թասմաղամբետովի՝ ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։
Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին։ Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը չեր բացառել Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, եթե Երևանին չբավարարի կազմակերպության գործընկերների տեսլականը այն հարցում, թե որտեղ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը և որտեղ է գտնվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ ՌԴ ԱԳՆ-ն նման հռետորաբանությունը «վիրավորական» էր որակել։
















































