ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Թեխաս նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Հենրի Կուելյարին և նրա կնոջը կաշառակերության մեղադրանքներ ներկայացնելու մասին:
Համաձայն մեղադրանքների՝ Կուելյարը կասկածվում է մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու և այդ միջոցները «լվանալու» համար։
Ենթադրվում է, որ նա միջոցները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից և Մեքսիկական բանկից, ապա կնքել խորհրդատվական ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր իր կնոջը՝ Իմելդա Կուելյարին պատկանող կեղծ ընկերությունների միջոցով:
ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելյարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար։
Մեղավոր ճանաչվելու դեպքում կոնգրեսականին և նրա կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում: