Սրանք, որ եկել են իշխանության, ի՞նչ հիմքով են եկել, ոչ մի արժեքային հիմք չունեն, դրա համար ենք մենք այս վիճակում հիմա գտնվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Ըստ Սրբազանի՝ եթե իրենք այդ արժեքային փոփոխության զգացումը չապրեցին, չունեցան մնացածը լրիվ աթոռ է, իշխանությունը այսօր կա վաղը չկա։
Ապա` նա վաղը ժամը 15։00-ին հրավիրեց բոլորին ներկա գտնվել Բաղրամյան պողոտայում։ Նա ասաց, որ առաջին օրվանից մարդիկ ովքեր ներգրավված են եղել, թող լինեն այստեղ, շատ կարևոր է իրենց համար, որ առաջիկա գործընթացները կարողանան հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը։ Ներկա լինեն ու իրենց մասնակցությունն ունենան ամբողջ գործընթացին։ Սա մեր երկրի խորքային փոփոխության մասին է, բոլորին է վերաբերում սա․ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձևով հասկանում են, որ մենք գտնվում ենք մի աղետալի վիճակում, որի հաջորդ քայլը պարզապես այդ անդունդից ընկելն ու վերջանալն է։
Դիտարկմանը՝ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մի քանի ժամ է տվել, որ շարժման ֆինանսական մուտքերն ու ծախսերը հրապարակեն, նա պատասխանեց․ «Ո՞վ է դա, ի՞նչ է դա, ի՞նչ կերպարանք ունի ընդհանրապես։ Իրենք չկան, գոյություն չունեն։ Այս երկիրը այսպես ասած 15 սև ասպետները ուզում են հասցնել իրենց չար նպատակների իրականացմանը։ Եթե կենսագրությունը ցույց կտաք և նաև կպահանջի այն մարդուց ձեռքը կտրել սուտ խոսելու համար, այն ժամանակ ես կպատասխանեմ։ Իրենց ամբողջ ուղեղը դա է՝ փողը, ֆինանսը դրանից չկրթվելը, ուրիշ բան չունեն իրենք»։
Անդրադառնալով ոստիկաններին՝ Սրբազանն ասաց, որ ոստիկանները հրաշալի տղաներն են, իրենց նպատակը նրանց ազատագրելն էլ է, նրանք էլ են ուզում դա։ Սրբազանը ասաց, որ ամենաշատ խոցելի սեգմենտը մեր հասարակության ոստիկաններն են և իրենք պետք է չափազանց մեծ հարգանք ունենան նրանց նկատմամբ։ Այդպիսին պետք է լինի որակը երկրի։
«Հիմա ի՞նչ է մենք ոստիկան տեսնելիս երկու անգամ մտածում ենք՝ ոստիկանին բարև տա՞նք, թե՞ չէ։ Ինչո՞ւ պետք է այդպես լինի բայց։ Մեր ամբողջ նպատակը բոլոր իմաստներով այդ արժեքային փոփոխությունը պետք է դառնա»,- նշեց Սրբազանը։
Իսկ դիտարկմանն էլ՝ 2018-ին Փաշինյանը փշալարի վրայով անցնում էր, քաղաքացիներն ուզում են տեսնել, որ Դուք էլ եք նման բաների պատրաստ, Բագրատ Սրբազանը նախ կատակեց․ «Ո՞ւր է փշալար, բերեք վրայով անցնեմ»,- ապա ավելացրեց․ «Արդեն ամբողջ երկիրը փշալար է, որի վրայով անցնում ենք։ Համացանցը նայեք, դրանց թերթերը նայեք, ԱԺ ամբիոնը նայեք, փշալար չե՞ն, դրանք փշալարից սարսափելի են, փշալար չեն է, դրանք ատոմային ռումբ են, չտրաքող կամ 10 տոկոս պայթող ատոմային ռումբ»։


















































