2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք։
«Ինչո՞ւ ենք սա անում՝ հստակ մի պատճառով․ մեզ օր առաջ է անհրաժեշտ լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,- ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ պետք է ապահովել Հայաստանի արյունատար անոթների, կայուն ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, որ հնարավորություն ստեղծվի մարդկանց ու ընկերությունների համար ամենատարբեր ոլորտներում ծավալել արդյունավետ ու ճկուն գործունեություն, ունենալ բարձր արտադրողականություն ու մրցունակություն։
Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ մեր քաղաքացիների ու տնտեսվարողների խնայողություններն ուղղվում են վերոնշյալ ենթակառուցվածքների զարգացմանը, խնայողություններն ամենաարդյունավետ միջոցն են երկրի տնտեսական զարգացման համար։


















































