ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային գծով։
Պեսկովը, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ, ասել է՝ ինչ վերաբերում է Հայաստանին, իրենք կշարունակեն աշխատել իրենց հայ ընկերների հետ, կհստակեցնեն նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով են, որ ամեն դեպքում հավատարիմ կմնան գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները, մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթություններն անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,- նշել է Պեսկովը։
Նա նաև ասել է, որ հավանաբար սրանում շահագրգռված է նաև Հայաստանը։


















































