«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ չե՞ք գտնում, որ ընդդիմությունը խորհրդարանում հարց չի կարող լուծել, իմպիչմենտի գործընթաց չի հաջողվում սկսել, ժամանակը չէ՞ մանդատները վայր դնեն, գուցե քաղաքական ճգնաժամ առաջանա, ասաց, որ ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու քննարկումները շատ են եղել, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից։
Ըստ Սրբազանի՝ վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն։
«Իրենք էլ են ասել, որ մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ էլ կա, կախում ունի թե դրա արդյունավետությունը ո՞րն է լինելու, ի՞նչ ժամանակ, ինչպե՞ս։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու, բայց օրակարգում կա դա, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում»,- նշեց Սրբազանը։
Անդրադառնալով ՔԿ կողմից կաշառք բաժանելու մեղադրանքներին՝ Սրբազանն ասաց, որ Արգիշտի Քյարամյանն ու իր կառույցը, դժբախտաբար, մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեությանը։
«Ընդհանրապես իրավական համակարգն այսօր ծառայում է մեկ մարդու, եթե այդքան արդար են իրենք ոստիկանական բռնությունների հանդեպ ինչո՞ւ որևէ ծպտուն չեն հանում, թե՞ ոստիկանության կանոնագրքում այդպես է գրված։
Գրվա՞ծ է, որ մարդկանց հայր, մայր, ընտանիք ինչ ասես կարող են հայհոյել, գրվա՞ծ է, որ երեխա կծեծեք, կանանց, երեխանների վրա ռումբ կնետեք՝ էն էլ արգելված, գրվա՞ծ են դրանք։ Արգիշտի Քյարամյանը, եթե արդար մարդ է իր քննչական կոմիտեով, ուրեմն նաև դրա հետաքննությունը պետք է անի։ Մեր երկրում քաղաքացիները որևէ կողմից պաշտպանված չեն, և նրանք էլ ենթարկվում են մի մարդու քմահաճույքին՝ ինչ հրամայում են դա էլ անում են, այդ պահին խելքը ինչ փչեց, այդպես էլ անում է իրավապահ համակարգը։ Կարծո՞ւմ են այս բռնաճնշումներով պետք է ճնշե՞ն, չարաչար սխալվում են»,- ասաց նա։
Սրբազանը հավելեց, որ երեկ ևս այցելել է հիվանդանոցներ, պետք է կալանավորվածների ընտանիքներին այցելի և, ըստ նրա, ոչ ոք ընկրկելու խնդիր չունի։
Սրբազանի խոսքով՝ նույնիսկ իրեն են պարտադրում, ասում՝ հանկարծ որևէ կերպով չնահանջի, որ իրենց հետ նման բան է պատահել, ո՛չ, իրենք գիտակցությամբ են գնացել։















































