Իրանը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ հարաբերություններում, սակայն հակառակ կողմից ակնկալում է պատժամիջոցների վերացում և միջուկային գործարքի վերականգնում: Այս մասին հայտարարել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Աբբաս Արաղչին։
Իրանը չի ցանկանում գնալ Արևմուտքի հետ բախման՝հասկանալով, թե դա ինչ կործանարար հետևանքներ կունենա իրանական պետականության համար։ Իրանը՝պաշտպանելով սեփական ազգային, պետական շահերը ցանկանում է բարելավել կապերն Արևմուտքի հետ՝տնտեսական մեծ օգուտներ քաղելով այդ համագործակցությունից։
Դրան զուգահեռ, Իրանը խորացնում է ռազմա-քաղաքական կապերը ՌԴ-ի և Չինաստանի հետ, ինչպես նաև շարունակում է Իսրայելի դեմ պայքարել Մեծ Մերձավոր Արևելքում իր «պրոքսի» ուժերի՝Հզբոլահ, հուսիթներ և այլն, միջոցով։ Ինչով է կարևոր Հայաստանի համար Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը։
Եթե Իրանը կարգավորում է կապերը և չի ունենում գեոպոլիտիկ լուրջ հակասություններ Արևմուտքի հետ, Հայաստանը կարող է ավելի խորացնել տնտեսական, էներգետիկ, քաղաքական կապերն Իրանի հետ՝չզգուշանալով Արևմուտքի քննադատությունից և հնարավոր պատժամիջոցներից։
Հայաստանն՝ԵԱՏՄ անդամ երկիր է, դրան զուգահեռ Իրանի համար Հայաստանը կարող է դառնալ «կամուրջ» դեպի ԵՄ՝ Վրաստանի և վրացական սևծովյան նավահանգիստների միջոցով։ Արևմուտքի հետ հակասությունները հարթած Իրանն ավելի կանխատեսելի կլինի և թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակն «Զանգեզուրի միջանցքի» հարցում կնվազի, քանի որ Անկարան և Բաքուն չեն ունենա Արևմուտքի «կանաչ լույսը» Իրանի շուրջ ստեղծել «պլացդարմներ» և լրացուցիչ գեոպոլիտիկ խնդիրներ։
Իրանն՝Արևմուտքի հետ հարաբերությունները հարթելու հարցում ունի իր նախապայմանները՝պատժամիջոցների վերացում և միջուկային գործարքի վերականգնում։
ՀՀ-ն պետք է դասեր քաղի Իրանի արտաքին քաղաքականությունից՝պաշտպանել սեփական ազգային, պետական շահերը՝պահպանելով խորը ռազմավարական կապերը հիմնական դաշնակիցների հետ, Հայաստանի պարագայում դա ՌԴ-ն է։
Անդրանիկ Պետորսյան


















































