Արևմուտքի տարբեր երկրներ Հայաստանին օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի իրենց մարտավարական խնդիրների համար։ Նրանց համար կարևոր չէ, թե Հայաստանի հետ ինչ կլինի։ Այդ մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Փաշինյանը ցանկանում է կրկնել Սահակաշվիլիի Վրաստանի ճակատագիրը։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, հավաքական Արևմուտքը Վրաստանը վերածել էին հակառուսական, ՆԱՏՕ-ական պլացդարմի, զինեցին Վրաստանն ու խոստացան, որ պաշտպանելու են Վրաստանին՝ՌԴ-ի հետ հնարավոր պատերազմի դեպքում։ 2008թ․-ի հարավօսական պատերազմից հետո Վրաստանը վերջնականապես կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Սահակաշվիլին այսօր վրացական բանտում է։ Արևմուտքն ոչինչ չարեց Վրաստանի համար՝միայն օգտագործեց Մոսկվայի դեմ և թողեց միայնակ։
Այսօր Փաշինյանն ու թիմը հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշ են որդեգրել՝կորցրել են Արցախը, հերթը՝Սյունիքինն է։ Արևմուտքը կրկին խոստումներ է տալիս Երևանին, ինչպես տվեց Թբիլիսիին, զինում է ՀՀ-ին՝մասնավորապես Ֆրանսիան, ԱՄՆ-ն՝հայ-ամերիկյան զորավարժություններ է անցկացնում, սակայն ադրբեջանական զորքերի հարձակման դեպքում Արևմուտքը սահմանափակվելու է միայն դիվանագիտական, ոչինչ չասող հայտարարություններով։
Հայաստանը չպետը է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմների՝դա կործանարար է լինելու հայոց պետականության համար։ Փաշինյանն ու թիմը շարժվում են միայն իրենց իշխանությունը պահելու տրամաբանությամբ՝ապագայում նրանք կարող են հեռանալ Հայաստանից՝իրենց միլիոնները դրսում վայելելու համար։
Վրաստանն այսօր փոխում է իր արտաքին քաղաքականությունն ու սերտացնում կապերը ՌԴ-ի հետ։ Ապագայում՝Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո, նույն ԵՄ շարունակելու է գազ և նավթ գնել ՌԴ-ից, սակայն այդ ժամանակ ցավոք ՀՀ-ն արդեն չի ունենա Արցախ, իսկ Փաշինյանի և թիմի վերարտադրության դեպքում՝նաև Սյունիք։
Անդրանիկ Պետրոսյան















































