Հոկտեմբերի 12-13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է ականների զոհերին նվիրված ֆոտոցուցահանդես։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Gilavar Foto Klubu» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» և Չեխիայում գործող ադրբեջանական «Կրակի երկիր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: «Ոտքերը սեղմում են կոճակը» խորագրով երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում (Staromestske namesti) և Չեխիայի Հանրապետության հրապարակում (Namesti Republiky)։ Նախագծի ղեկավար Ռաշադ Մեհդիևն ասել է, որ «երկօրյա ցուցահանդեսների ընթացքում հազարավոր մարդիկ մանրամասն տեղեկություններ են ստացել ականային ահաբեկչության մասին, որը մինչ օրս շարունակվում է Ադրբեջանում»։ Ականների թեման Հայաստանի և հայերի դեմ ադրբեջանական քարոզչական-տեղեկատվական արշավի գործիքներից մեկն է, որը հետևողականորեն կիրառվում է պետական մակարդակով՝ միջազգային հարթակներում ու երկկողմ հանդիպումներում դառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արծարծվող պարտադիր թեմաներից մեկը։ Ընդհակառակը՝ հանցավոր իր գործողությունները թաքցնելով «հումանիտար» քողի տակ՝ Ադրբեջանը նման միջոցառումներով փորձում է հարցին անտեղյակ օտարերկրացիներին ականների թեման ներկայացնել իբրև խնդիր` Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու նպատակով։ Այս համատեքստում Բաքուն իրեն ներկայացնում է որպես հակամարտության զոհ՝ դրանով շեղելով միջազգային հանրության ուշադրությունն արցախահայության դեմ իրականացրած հանցագործություններից։


















































