«Չնայած մենք Սովետական Հայաստանն ավելի սև ու սպիտակ ենք հիշում,բայց իմ համար ինքը ավելի գունեղ էր։ Բոլորը կային իմ ընտանիքի անդամներից։ Երկրաշարժից մի քանի ամիս առաջ մահացավ հայրս։ 10տարեկանում կորցրեցի նրան։ Չորս ամիս անց` երկրաշարժ, Արցախյան շարժում և աշխարհը 180 աստիճան փոխվեց։ Ես համարում եմ, որ այդ ժամանակ մանկություն ասվածն ավարտվեց և մնաց այդ 10 տարիների մեջ: Հիշում եմ` տանը մենակ էի։ Դասի չէի գնացել այդ օրը։ Տանը մենակ երեխան ինչ՞ կարող է անել ՝ այն, ինչ չի կարելի անել։

Գազը վառեցի, մեխը կարմրացնում էի և տանում բակում «չագուչով» ծեծում։ Ես գիտեի, որ դա թաքուն եմ անում: Ինձ համար ամենասարսափելին այն էր, որ մայրս չիմանա։ Սկսվեց երկրաշարժը և ես չգիտեմ, թե դա ինչ է։ Երկրաշարժից հետո, մեծերի պատմությունները լսելով, սկսեցի պատկերացնել, բայց դրանից առաջ պատկերացում չունեի։

Երբ սկսվեց երկրաշարժը, գազօջախի դիմաց էի կանգնած և մտածեցի, որ ինչ-որ բան սխալ եմ արել, և հիմա կտրաքի ու ամբողջ մեղքը վրաս վերցնելով, վախենում եմ, որ մայրս կիմանա և խիստ պատժվելու եմ։ Փորձեցի փախչել դուրս։ Մենք միջանցք ունեինք, որի երկարությունը 9 մետր էր։ Ես օդի մեջով հորիզոնական, այդ 9 մետրը գնացել եմ և կպել պատին ու ընկել։ Դուրս գալը դարպասների վրայով եղավ։ Դարպասը բանալիով փակել էին, իսկ բանալին տանն էր։ Վախեցա հետ գնալ, բարձրացա դարպասների վրա և փորձեցի դուրս գալ։ Ինչն՞ է խնդալու, որ այդ ամբողջ ընթացքում մտածում էի ես եմ այդ ամեն ինչն անում։ Լսում եմ դրսում հարևանների գոռգոռոցները, մտածում եմ իրենց գազն էլ եմ ես փչացրել, իրենց տներն էլ հիմա կտրաքեն։ Ես դուրս եկա փողոց, բոլորն արդեն դրսում էին։ Հեռվից տեսա մամայիս, ով սպիտակ խալաթով մանկապարտեզից տուն էր վազում։ Մտածում էի վերջ, իսկ մամաս ինձ գրկեց ու ասաց՝«չվախենաս, սա երկրաշարժ ա»։ Իմ ուրախությանը չափ չկար, որ ես չեմ արել դա։ Դրանից հետո մի գիշեր մնացինք դրսում։ Դժվար տարիներ էին»։