Հայ և ռուս ժողովուրդները բարեկամական, եղբայրական ժողովուրդներ են, և փոխադարձ հարաբերություններն ի վերջո միշտ հիմնվելու են բարեկամության զգացմունքի վրա, սակայն Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով մեր ներկայիս հարաբերությունները հեշտ չեն. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու ՀՀ կառավարության վերջին որոշմանը, նա մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքն առ այն, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելն անհամատեղելի է, քանի որ տարբեր տնտեսական գոտիներ են։
«Անկասկած լեգիտիմ ՀՀ ղեկավարությունն ինքնիշխան իրավունք ունի որոշելու անդամակցության գործընթաց սկսել ցանկացած միջազգային միության հետ, որտեղ նրան սպասում են: Բայց նաև ՀՀ կառավարությունը պատասխանատվություն է կրում բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելու համար», — ասել է Լավրովը:


















































