Կրթական ոչ մի միջոցառում չի՛ իրականացվում, միայն վարորդն ու մեքենան չեն ճանապարհային երթևեկության մասնակից, այլև՝ ցանկացած քաղաքացի, ով կարողանում է միայնակ երթևեկի ու տեղաշարժվի իր երթևեկությամբ՝ հեծանվով, ինքնագլորով կամ մոտոյով, պետք է երթևեկության կանոններին տիրապետի, բայց մեր երկրում միայն վարորդներն են երթևեկության կանոններ սովորում, այն էլ այն ժամանակ, երբ իրենց վարորդական վկայական է պետք: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:
Հայաստանում ՃՏՊ-ից օրեր առաջ մահացավ այս տարվա 39-րդ մարդը: Ճանապարհային անվտանգության մասին վերջին հետազոտության համաձայն` Հայաստանը ԵՄ արևելյան հարևանության երկրների շարքում ամենավատ ցուցանիշն ունի՝ 12.7 %։ Այս թիվը հաշվարկվում է տարվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով մահերի քանակով: Բանն այն է, որ հարևան երկրներում միջինացված ցուցանիշը 3 անգամ պակաս է՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների։ Զեկույցի համաձայն` Հայաստանում նման մտահոգիչ ցուցանիշի պատճառները հստակ չեն ու բազմազան են՝ ճանապարհային ենթակառուցվածքների որակից մինչև մեքենաների անվտանգության չափանիշներ։
Այնինչ վերջին ասուլիսին ՆԳ նախարարը ասել էր, որ 2023-ի համեմատ զոհերի թիվը 2024-ին 45-ով նվազել է, իսկ վիճակագրական այսպիսի փոփոխություններում իրենց նպաստն են բերել պարեկային ծառայողներն ավելի ինտենսիվ աշխատանքով:
Քեյանի խոսքով՝ ՃՏՊ-ները շատ մեքենաներով են պայմանավորված. «Որքան շատ տրանսպորտային միջոց, այնքան ավելի շատ խնդիրներ կառաջանան ու կլինեն վթարներ: Մեր պատկան մարմինները չպետք է մեղքը միայն գցեն շատ մեքենաների վրա, քանի որ ահռելի ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, ջրահեռացման, գազի, էլեկտրաէներգիայի համակարգեր են անցկացնում գետնի տակով, փողոցները քանդվում են, և թողնում են անբարեկարգ վիճակում, որի պատճառով վթարներ են լինում, հետևաբար՝ զոհեր, կամ էլ մարմնական ու գույքային վնասվածքներ: Կրթական ծրագրերի մեջ պետք է ներառված լինի ՃՏՊ կանոններին տիրապետելը: Այդ ամենի պատասխանատուն կառավարությունն է: Մեզ մոտ 50 %-ից ցածր է ամրակապվելու պրոցեսը, որը ևս կանխում է մարմնական վնասվածք ստանալու հավանականություն, որի համար պատկան մարմինը ևս՛ պատշաճ վերահսկողություն չի՛ իրականացնում: Ոստիկանությունը ոչ թե պետք է փող հավաքող լինի, այլ՝ անվտանգության կազմակերպող», -եզրափակեց Քեյանը:

















































