Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում։ Ասում են՝ Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ բնակիչներին խոստացել էր, թե ընտրվելուց հետո իրենց կտեղափոխի վթարային շենքից, բնակարաններով կապահովի։ Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։
«Հենց հիմա թող քաղաքապետն իջնի, մենք գնանք շենք, հենց այս պահին, երբ անձրևները սկսվել են ու հիմա պատկերացրեք մեր շենքում ինչ կաթոցներ են ու կոյուղաջրերը մյուսը, մյուսը լցվում են տները: Իջնեն, հասկանանք հարցին ո՞նց ենք լուծում տալիս»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Մենք սիրով ընդունել, ընտրել ենք իրենց, հիմա թող իրենք սիրով պատասխանեն մեզ: Այսքան մարդկանց արհամարհում են, որ ի՞նչ: Իրենք մեզնից լավ մարդի՞կ են, բոլորս էլ հայ ենք: Բա որ ընտրում էինք, ինչո՞ւ մենք իրենց չարհամարհեցինք, ընտրեցինք, որ մեր թիկունքին կանգնեն»,- նշեց մեկ ուրիշ քաղաքացի:


















































