Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փետրվարի 14-ին երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվելուց հետո փետրվարի 28-ին ապրել է վատագույն պահը, երբ բժիշկները կարծում էին, որ պոնտիֆիկոսը կարող է մահանալ. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, պատմել է նրան բուժած բժիշկներից մեկը՝ Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի վիրաբուժական բաժնի ղեկավար Սերջիո Ալֆիերին:
Այդ օրը պոնտիֆիկոսի մոտ բրոնխիաԼ սպազմ է սկսվել՝ փսխումով և շմչահեղձությամբ, ինչը հանգեցրել է շնչառական համակարգի վիճակի կտրուկ վատթարացման։ Բժիշկներն իրականացրել են բրոնխների մաքրում՝ թոքերի ոչ ինվազիվ արհեստական օդափոխությամբ։
«Առաջին անգամ արցունքներ տեսա նրա շուրջը գտնվող որոշ մարդկանց աչքերում: Մարդիկ, ովքեր, ինչպես հասկացա հոսպիտալացման ընթացքում, անկեղծորեն սիրում են նրան հոր պես։ Բոլորս էլ հասկանում էինք, որ իրավիճակն էլ ավելի է վատացել, ու վտանգ կար, որ չենք կարողանանք գլուխ հանել… Այդ գիշերը սարսափելի էր, նա, ինչպես մենք, գիտակցում էր, որ կարող է ողջ չմնալ»,- ասել է բժիշկը Corriere della Sera-ին տված հարցազրույցում:
Ալֆիերիի խոսքով՝ Ֆրենսիսը հասկացել է, որ մահվան սպառնալիքի տակ է:
«Մենք պետք է ընտրեինք. կանգ առնել և բաց թողնել նրան, կամ ջանք գործադրել և փորձել բոլոր հնարավոր դեղամիջոցներն ու բուժումները՝ վտանգելով վնասել այլ օրգաններ: Եվ ի վերջո մենք գնացինք այս ճանապարհով», — ասել է Ալֆիերին:
Նա հավելել է, որ պոնտիֆիկոսը մշտապես գիտակից է եղել և բոլոր որոշումներն ինքն է կայացրել։
88-ամյա Հռոմի պապը կիրակի դուրս է գրվել հիվանդանոցից՝ թոքաբորբից հնգշաբաթյա բուժումից հետո։ Նրան նշանակել են երկարատև թերապիա և երկու ամիս հանգիստ։ Ալֆիերիի խոսքով՝ Ֆրանցիսկոսն այժմ պետք է հետևի մի շարք բժշկական ցուցումների, օրինակ՝ «խուսափի մարդկանց խմբերի կամ երեխաների հետ շփումից, որոնք կարող են լինել նոր վարակների կրողներ»։

















































