Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Կառավարության պարտքը կտրուկ կաճի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

Վերջին տարիներին աշխարհաքաղաքական իրադրությունների շուրջ ձևավորված արտածին գործոնները, որոնք 2022-ից սկսած բարենպաստ ազդեցություն էին գործում ՀՀ տնտեսության վրա, վերջին շրջանում զգալիորեն թուլացել են (գործոնների մեծ մասը գրեթե ամբողջությամբ չեզոքացել են)։ Այդ թուլացմամբ պայմանավորված բացասական զարգացումներն արդեն իսկ զգալի չափով ուրվագծվում են։ Այսպես, տարեցտարի դանդաղում է տնտեսական աճի տեմպը՝ 2022-ին այն կազմել է 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին՝ 5.9%։ Ընդ որում, վատթարացումն առավել ակնառու է տնտեսության կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտում, ինչպիսին է արդյունաբերությունը։ Անցյալ տարվա առաջին եռամսյակում այն 30.4% աճի շնորհիվ ապահովել էր եռամսյակային տնտեսական աճի զգալի մասը, իսկ արդեն մեկ տարի անց՝ 2025թ. առաջին եռամսյակում, 2.2 տոկոսային կետով հակազդել է տնտեսական աճին, քանի որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է կտրուկ անկում:

Շեշտակի նվազել են նաև արտահանումն ու ներմուծումը, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ զգալիորեն վատթարացել են արտաքին առևտրի մնացորդը և ընթացիկ հաշվի պակասուրդը:

Քանի որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) կազմվել է վերը նշված արտածին գործոնների մի մասի չեզոքացման, իսկ մնացած մասի՝ զգալի թուլացման պայմաններում, դրանում, բնականաբար, չէին կարող ընդհանրապես «արհամարհվել» ոչ բարենպաստ մակրոտնտեսական զարգացումները։

Պատահական չէ, որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով վատթարացման ուղղությամբ վերանայվել են ընթացիկ և առաջիկա տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կանխատեսվել էին նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսկ այս վերանայումներով հանդերձ՝ նոր Ծրագրի հիմքում դրված տնտեսական զարգացման սցենարի լավատեսությունը բավարար չափով հիմնավորված չէ։

Ընդհանուր առմամբ, որոշ կանխատեսումներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս.

•    Նախորդ՝ 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում էր պետական բյուջեի եկամտային ցուցանիշների բավական ագրեսիվ աճ։ Այն ներկայիս՝ 2026-2028թթ. ծրագրով զգալիորեն «մեղմվել է»։ Նոր Ծրագրում նախորդի համեմատ զգալիորեն նվազեցվել են նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումները։ Հաշվի առնելով 2024թ. արդյունքներով արձանագրված թերհավաքագրումների փաստը, այնուամենայնիվ, ցուցանիշների կանխատեսումները նույնիսկ նվազեցումից հետո շարունակում են թերահավատության տեղիք տալ: Մասնավորապես՝ անհավանական է թվում, որ հարկեր/ՀՆԱ-ն կհաջողվի 2024-ի 23.5%-ից 2028-ին հասցնել 25.1%-ի կամ ցուցանիշը բարելավել 1.6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ 2021-2024թթ. ընթացքում դրա բարելավումն ընդամենը 0.5 տոկոսային կետ է կազմել։

•    Նոր Ծրագրով նախորդի համեմատ նվազեցվել են նաև պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող մեծությունները։ Ընդ որում, տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերը նվազեցվել են անհամեմատ ավելի շատ, քան ընթացիկ ծախսերը։ Նվազեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում «քրոնիկ» դարձած թերակատարումները։ Պատահական չէ, որ Ծրագրի հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող մասում որպես կարևոր ռիսկ անդրադարձ է կատարվում ծախսերի թերակատարմանը։ Նշվում է, որ չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային սցենարում նախատեսվել են բավական բարձր՝ ՀՆԱ շուրջ 6%-ը կազմող կապիտալ ծախսեր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները, առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման խորացող ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջական պահանջարկի և ընթացիկ տնտեսական ցուցանիշների, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում՝ տնտեսության ներուժի վրա։

•    Սպասվում է, որ բնակչության մի ստվար հատվածի կենսամակարդակն էականորեն ընկնելու է։ Ծրագրում չի խոսվում առաջիկա երեք տարիներին կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ հաշվի առնելով ծրագրվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձն իրական արտահայտությամբ 2028-ի վերջում 12.1%-ով ցածր են լինելու, քան 2025-ի տարեսկզբին։ Ավելին, հիմնավոր մտավախություն կա, որ այս տարեվերջին գնաճի տեմպը, ամենայն հավանականությամբ, էապես ավելի բարձր կլինի, քան Ծրագրով ակնկալվող 2.6%-ը։

•    Կառավարության պարտքն այս և առաջիկա երեք տարիներին մինչև այժմ արձանագրվածից շատ ավելի կտրուկ է աճելու. Ծրագրով նախատեսվում է, որ բացարձակ մեծությամբ այն 2028թ. վերջում կանցնի 7.7 տրիլիոն դրամից և 2024թ. վերջի փաստացի մեծությանը՝ շուրջ 4.9 տրիլիոն դրամին կգերազանցի 58.2%-ով։ ՀՆԱ-ի համեմատ կառավարության պարտքի կշիռը 2028թ. վերջին կկազմի 55.4%՝ 2024թ. փաստացի մեծության համեմատ ավելանալով 7.4 տոկոսային կետով։

2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ «պարտքը շարունակում է զգայուն մնալ հատկապես տնտեսական աճի ցնցումների նկատմամբ, պարտքի կառուցվածքը գնահատվում է միջին կամ բարձր խոցելի, իսկ իրականացված տարբեր հետազոտություններն ուրվագծում են էական անորոշություններ»։

Չնայած 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում մասամբ արձանագրված են որոշ ակնհայտ մտահոգիչ միտումներ, իսկ կատարված վերանայումները որոշ չափով վկայում են փոփոխված իրողությունների գիտակցման մասին, այնուամենայնիվ, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ վերանայումները ոչ թե բխում են քաղաքական հստակ ռազմավարությունից, այլ ընդամենը պարզ արձագանք են անկառավարելի իրադարձություններին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/F8sfC ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930