Նուբարաշենի հոգեբուժարանում գտնվող քաղաքացի Հարություն Հմայակի Սարգսյանը պնդում է, որ հոգեբուժարանում հայտնվել է անօրինական կերպով։ Իսկ պաշտոնական մարմինները վստահեցնում են՝ գործում է դատարանի որոշումը, որը հիմնված է սոցիալական վտանգի գնահատման վրա։
Նուբարաշենի հոգեբուժարանի երկրորդ բաժանմունքում գտնվող Հարություն Սարգսյանը, ով նշել է, թե սպարապետ Վազգեն Սարգսյանի ազգականն է, դիմել է Tert.am-ին և պատմել իր պատմությունը։ Նա պնդում է՝ որևէ հանցանք չի գործել, իսկ իր՝ հոգեբուժարան տեղափոխվելու իրական պատճառը սեփականության՝ կոնկրետ խանութի նկատմամբ ունեցած հավակնություններն են։
Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ ինքն անարդարացիորեն է գտնվում հոգեբուժարանում և ի՞նչ գործ կա հարուցված իր մասով, վերջինս պատմում է. «Ոչ մի բանի համար։ Ուզում էի MG Supermarket խանութն առնել, սարքեցին գլխիս, ասում են՝ սրսկեք, թող մեռնի։ Խանութը մեր տարածքն է եղել։ Վարչության Վարդանն է սարքել»,-ասում է նա։
Սարգսյանը պատմում է, որ դեռ 16 տարեկանից պարբերաբար հայտնվել է հոգեբուժարաններում։ Այժմ, ըստ իր խոսքերի, փորձում է արտերկիր՝ Շվեդիա մեկնել, սակայն չի կարողանում դուրս գալ հաստատությունից։
«Տարիներ շարունակ չեմ կարողացել դուրս գալ։ Փաստաթղթեր էլ չունեմ: Երբ փորձում եմ զանգել, կամ դիմել որևէ մարմնի, սրսկում են, որ ձայնս չլսվի: ՄԻՊ-ի գրասենյակ էի զանգահարել, իմացել են՝ սրսկել, քնեցրել»,- պատմում է նա:
Իսկ թե ինչ դատական գործով է անցնում հիմա, կամ ինչի համար է նախկինում դատապարտվել, Հարությունը հստակ պատասխան չտվեց:
«2011 թվականին դեղատուն եմ մտել, ցավազրկող վերցրել, փակ էր, կոտրել եմ պատուհանը մտել, քանի որ ատամս ցավում էր: Հիմա գլխիս սարքում են, ասում են՝ հասարակության համար վտանգավոր եմ, իբրև բոլորին ասում եմ՝ ինձ փող պետք է վճարեք»,- ներկայացնում է նա:
Հարություն Սարգսյանի դեպքի առնչությամբ Tert.am-ը տեղեկություններ փորձել է ստանալ իրավասու մարմիններից:
Առողջապահության նախարարություն. «Դատարանն է որոշել՝ հարկադիր բուժում է»
Ստեղծված իրավիճակին արձագանքել է առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ պարզաբանելով, որ քաղաքացու նկատմամբ գործում է դատարանի որոշում՝ հարկադիր բուժման վերաբերյալ։
«Քաղաքացին հրաժարվել էր ամբուլատոր իր ծառայություններից օգտվելուց, դեղորայքից, ինչը պարտավոր էր անել։ Չանելու պարագայում պետք է ստանա հիվանադանոցային ծառայություն։ Դատարանը սոցիալական վտանգ տեսնելով՝ հարկադիր բուժման պահանջ է ներկայացրել, իսկ մենք պարտավոր ենք դա իրականացնել», – ասել է նա։
Նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ քաղաքացին իրազեկված է իր իրավունքների մասին և լիիրավ կարող է դիմել պաշտպանական մեխանիզմներին.
«Քաղաքացին, ինչպես ազատորեն զանգահարել է լրատվամիջոց, այնպես էլ լիիրավ կարող է դիմել հանրային պաշտպանի, փաստաբանի կամ ՄԻՊ։ Մենք դա իրազեկել ենք, և համապատասխան տեղեկատվությունը տեղում էլ փակցված է», — ասել է Ծատրյանը:
Քննչական կոմիտե. «Քրեական վարույթ կա, սակայն քաղաքացին դեռ կարգավիճակ չունի»
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը Tert.am-ին փոխանցեց, որ քրեական վարույթ է նախաձեռնված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ)։ Մի անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ինչ վերաբերում է հոգեբուժարանում գտնվող քաղաքացուն, ապա ՔԿ-ի պարզաբանմամբ՝
«Դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Երբ որ կարգավիճակ ստանա, կապահովվի փաստաբանով։ Եթե դատարանը գնահատի, որ առկա է հոգեկան խանգարում, այդ գործընթացները կընթանան օրենքով նախատեսված կարգով»։
ՄԻՊ. «Զանգ ստացել ենք անձամբ քաղաքացուց, կապի մեջ ենք»
Tert.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը հայտնեց, որ ՄԻՊ աշխատակազմը ստացել է Հարություն Սարգսյանի զանգը՝ թեժ գծով։
«Աշխատակազմը մշտապես կապի մեջ է թե հաստատության ներկայացուցիչների, և թե անձամբ Հարություն Սարգսյանի հետ։ Անձի վերաբերյալ մնացյալ տեղեկատվությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ»։
















































