Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Կոչված ենք ամուր կառչելու մեր հոգևոր արմատից՝ Սուրբ Եկեղեցուց

Տեր Արծրուն քահանա Միքայելյանի հրապարակումը․

«Մեր ժողովրդի պատմական ուղին եղել է քարքարոտ, հաճախ նաև՝ արյունոտ. կայսրությունների ճնշումներ, Ցեղասպանության սարսափներ ու պատերազմներ՝ աղետալի հետևանքներով… Փորձություններ, որոնց միջով անցնելիս հայի ակնկալող հայացքը մշտապես հառած է մնացել Լուսավորչի դարավոր կանթեղին՝ Սուրբ Եկեղեցուն։

Եկեղեցի, որն արդեն 1700-ից ավելի տարիներ հավատքի, հույսի ու սիրո ավիշ է ներարկում մեր ազգային միասնականության զգայարաններին։

Այսօր մեր երկիրը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, և միայն ներազգային համերաշխության պայմաններում է հնարավոր դիմագրավել այդ ամենին։ Երբ ներքին համերաշխությունը օրհասական հրամայական է, մեծ «ճոխություն» ենք մեզ թույլ տալիս, երբ ատելության թիրախ ենք դարձնում սիրո Վարդապետի՝ Քրիստոսի եկեղեցին, որը ջատագովն ու պաշտպանն է միասնականության ու սիրո։

Եկեղեցու թիրախավորման փաստը ողջամիտ մարդկանց տարակուսանքն է առաջացնում՝ ինչո՞ւ են դա անում, ի՞նչ հեռահար նպատակով։

Հայ մարդը, որտեղ էլ նա ապրելիս լինի, կնքվում է Սուրբ Էջմիածնում եփված մյուռոնով, և եկեղեցի մտնելով՝ նույն «Հայր մերն» է ասում, ծնկում է նույն Սուրբ Խորանի առջև, լսում է նույն շարականը, աչքերն ուղղում է նույն ծաղկյալ խաչին։ Սա հոգևոր ինքնության կենդանի վկայություն է, որը չի կարող պատկանել որևէ վարչակարգի, կուսակցության կամ հոսանքի։ Այն պատկանում է մեզ՝ բոլորիս։

Եկեղեցին վեր է ժամանակից, անձերից ու մարդկային հաշվենկատությունից։ Եկեղեցին իր դռները բաց է պահում յուրաքանչյուրի առաջ և պատրաստ է քաջ հովվի պես գնալ մոլորվածին որոնելու և գտնելու, գթասիրտ հոր պես՝ վերադարձող որդուն հեռվից գրկաբաց դիմավորելու։

1700-ամյա այս սուրբ կառույցի առաքելությունն ու զորությունը թերևս վախ են ներշնչել զանազան ուժերի, որոնք տարբեր ժամանակներում թիրախավորել են Եկեղեցին։

Եվ այսօր, երբ մեր ազգային կյանքում խորացել է անորոշությունն ու պառակտման վտանգը, մենք իրավունք չունենք միմյանց խեթ աչքով նայելու, իրարից խորթանալու, քանզի «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ» (Մատթեոս 12։25)։

Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում լինել մեկ մարմնի՝ Եկեղեցու անդամներ, նույն Ավազանից ծնված հայորդիներ։ Պիտի գիտակցենք, որ երբ «մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12։26)։

Եվ մենք այսօր, որպես այդ Մարմնի կենդանի անդամներ, կոչված ենք ամուր կառչելու մեր հոգևոր արմատից՝ Սուրբ Եկեղեցուց՝ հեռացնելու մեր կյանքից ատելության խոսքը, բամբասանքը, զազրախոսությունը՝ փոխարենը շատացնելով սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ, քանի որ մեր «Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14։33)»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև