Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է. Արցախի ԱԺ

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

«Սիրելի’ հայրենակիցներ

2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։ Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը կայացվեց պատմական և իրավական հիմքերի վրա։

1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։ Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։

2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվեցին որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվեց ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։

Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։

Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել.

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։

Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։

Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։

Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։

Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։

Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև