Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Մայր Աթոռում մեկնարկել է Միջեկեղեցական համաժողով՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական Հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում և խթանելու եղբայրության ու համագործակցության ոգին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։

Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Այնուհետև մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ նշանակություն ունեցավ ոչ միայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ուղղափառ հավատքի պահպանության, այլև տերունավանդ առաքելության առավել արդյունավորման համար։

«Առաջին տիեզերաժողովը համախմբեց բազում Եկեղեցիների՝ միասնաբար հակադարձելու եկեղեցական կյանքը հուզող երևույթներին, ավետարանական ճշմարտությունները խեղաթյուրող փորձերին, զերծ պահելու հավատքը կամայական մեկնաբանություններից ու տարաբնույթ մոլորություններից։

Ընդհանրական Եկեղեցին Նիկիայի առաջին տիեզերաժողովի գումարումով, որին Հայոց Եկեղեցուց իր մասնակցությունը բերեց Արիստակես Հայրապետը՝ որդին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կաթողիկոսի, սահմանեց Նիկիական Հանգանակը և հաստատեց Քրիստոսի Աստվածության վերաբերյալ Եկեղեցու անխախտելի վարդապետությունը։ Այն դարձավ ամուր խարիսխը քրիստոնեական հավատքի, որով նաև սահմանվեցին աստվածաբանական եզրեր և հիմնադրույթներ, և բանաձևվեց Քրիստոսի Եկեղեցին որպես մի, ընդհանրական և առաքելական։ Ժողովում ընդունված քսան կանոնները ևս կարևոր ուղենիշ դարձան Եկեղեցու ծիսականոնական կյանքում, նվիրապետական կարգի ընկալումներում»,- նշեց Հայոց Հայրապետը՝ փաստելով, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը, աշխարհի ծագերից 318 հայրապետների համախմբումով, դարձավ վահանը քրիստոնեական հավատի և վկայությունը Եկեղեցու ընդհանրականության և միասնականության։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց, որ Նիկիական Հանգանակն այսօր ևս միավորում է տարբեր մշակույթներից ու միջավայրերից եկող քրիստոնյաներին և շարունակում մնալ ուժ և զորություն պարգևող քրիստոնեական հավատի անեղծ ակունքը։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այսօր Եկեղեցու փորձառությամբ ու սուրբ հայրերից կողմից փոխանցված օրինակներով պիտի առավել ջանք գործադրվի ի խնդիր հավատքի պահպանության, աշխարհում խաղաղության, մարդկանց միջև հաճության երկնային պատգամի տարածման։

«Նիկիական տիեզերաժողովը 1700 տարի անց համախմբել է ձեզ մի երկրում, որ անասելի հալածանքների, նեղությունների և փորձությունների է ենթարկվել հանուն Քրիստոսի։ Այսօր էլ մեր ժողովուրդը փորձությունների միջով է անցնում։ Տակավին չեն ամոքվել վերքերը, որ պատճառվեցին մեր ժողովրդին 2020 թվականին Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանքով, երբ սեփական պատմական հողի վրա անկախ ու ապահով ապրելու ու բազմադարյա սրբավայրերում ազատորեն աղոթելու ցանկության պատճառով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավորներ, որբացան տասնյակ հազարավոր ընտանիքներ, իսկ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվեց ողջ բնակչությունը՝ հարյուր քսան հազար ունեզրկված հայորդիներ։ Ադրբեջանում նաև առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ։ Բռնազավթված Արցախում ներկայիս ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը, պատմական սրբավայրերը, նաև յուրացվում ոչ հայկական լինելու կեղծ պատճառաբանությամբ»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ աշխարհում այսօր տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում Եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը։

Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ աղոթքի, երկխոսության, արդյունավոր հարաբերությունների և միասնական ջանքերի միջոցով է հնարավոր մարդկության կյանքում առատացնել հաճությունն ու համերաշխությունը, որպեսզի կանխվեն եղեռնագործությունները, դադարեն դժբախտությունները և աշխարհում գերակայի Աստծո կամքը։

Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան Արևելյան Ուղղափառ, Ուղղափառ, Կաթոլիկ, Լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Տեղի կունենան նաև քննարկումներ բարձրացված հարցերի ու թեմաների շուրջ։

Համաժողովի մասնակիցները կայցելեն տարբեր սրբավայրեր ու թանգարաններ, կմասնակցեն էկումենիկ աղոթքների, կծանոթանան Հայոց Եկեղեցու ու ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև