Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և այլ պաշտոնյաների հետ այցելել է Դեբեդի նորակառույց դպրոց և ելույթ ունեցել: Նա ընդգծել է, որ նոր գաղափարախոսությունը և ուղերձը, որը փոխանցվում է աշակերտներին, չափազանց կարևոր է։
«Մենք մտանք դպրոց և առաջինը տեսանք այն ուղերձը, որով երեխաներին ասում ենք՝ «լավ սովորիր, որ լավ ապրես»», – ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ այս կոչը բխում է ինքնաճանաչողությունից: «Հայաստանում, ցավոք, կա աղքատության, գործազրկության և սոցիալական լուրջ պրոբլեմ, և մենք ուզում ենք հասկանալ, թե որն է դրա խորքային պատճառը և լուծումը։ Մեզ համար դպրոցը մի տեղ է, որտեղ աշակերտները պետք է սովորեն, թե ինչ է նշանակում լավ ապրել, բայց մեր աշակերտները պետք է սովորեն՝ ի՞նչ է նշանակում լավ ապրել, սա էլ այդ հաջորդ հարցն է: Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի՝ ինչպիսին պիտի լինի իր կյանքը՝ համարելու համար, որ լավ է ապրում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ «լավ ապրելու» պատկերացումները պետք է կապված լինեն արժեքների հետ, որոնք համախմբում են հանրությանը, այլ ոչ թե բաժանում։


















































