Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Մերժում ենք գործող կառավարիչների քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. հայտարարություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:

Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին:

Միաժամանակ պետք է ընդգծել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների հրապարակած տեքստերի և իրական քաղաքական գործընթացների միջև առկա է խզում, որի դրսևորումներից է՝ իշխող ուժի ղեկավարի ու ԱՄՆ նախագահի հայտարարությունների հակասությունը:

Ինչ վերաբերվում է կոնկրետ վաշինգտոնյան պայմանավորվածություններին, որի հիման վրա է կազմվել է ԱԺ հայտարարության նախագիծը, ապա սրա հետ կապված վերահաստատում ենք մեր ավելի վաղ մեր հնչեցրած դիրքորոշումը.

«Խիստ մտահոգված ենք Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ:

Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։

Մասնավորապես,

1. Հուշագիրն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։

2. Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։

3. Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։

4. Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:

5. Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։

6. Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։

7. Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով։

8. Ինչպես այլ կարևոր փաստաթղթերի, այնպես էլ այս հուշագրի բովանդակությունը թաքցված է եղել ՀՀ քաղաքացիներից և Ազգային ժողովից։ Կենսական կարևորության որոշումները չեն կարող կայացվել երկրի ներսում լեգիտիմություն չունեցող ռեժիմի կողմից։

9. Անկասկած է, որ ներկայիս զարգացումները Հայաստանում իշխող վարչախմբի և նրա պարագլխի՝ ամեն գնով, այդ թվում՝ ազգային, պետական շահերի ոտնահարմամբ և գեոպոլիտիկ արկածախնդրությամբ, վերարտադրվելու հիվանդագին, հակապետական եւ հակաժողովրդական մոլուցքի հետեւանք են։

10. Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։

Հստակ գիտակցելով տվյալ գործընթացից բխող հետագա մարտահրավերները և գնահատելով առկա իրավիճակի անհրաժեշտ գործողությունները, պահանջում ենք՝

ա)օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:

բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ:

գ) Արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանումն արձանագրել որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության գործընթացի բաղկացեւցիչ մաս:

դ) իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային անվտանգության երաշխիքներ և իրատեսական մեխանիզմներ սահմանել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր քաղաքացիների խաղաղ զարգացման ու կենսական շահերի ապահովման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք մերժում ենք գործող կառավարիչների քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում, միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը:

Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:

Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ մենք չենք կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031