Պարոն Ավինյան, միտք արտահայտեցիք, որ տիկին Ավետիսյանը մոռացավ ասել 13 մանկապարտեզների կառուցման մասին, անկեղծ՝ տիկին Ավետիսյանը չի մոռացել, որովհետև 13 մանկապարտեզներից ուղիղ 10-ը 2023 թվականից կրկնվում են: Այդ մանկապարտեզները համար 17, 33, 39, 46, 56, 64, 72, 93, 118, 133 մանկապարտեզներն են: Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Սրա բացատրությունը տվեք՝ ինձ չէ, ժողովրդին, երևանցիներին: Օրինակ՝ նախանցյալ տարի գնացի համար 39 մանկապարտեզ, ժողովրդին տեսա, վիճակը ներկայացրի, ասացիք՝ հաստատում ենք, անցավ ժամանակ՝ ժողովուրդն ինձ թուքումուր են անում, ասում են՝ այդ ի՞նչ հեքիաթներ է, ո՛չ մանկապարտեզ են սարքել, ո՛չ էլ սկսել են, հիմա այս տարի նորից ներառել եք: Մի հատ բացատրեք տեսնեմ՝ ո՞նց է ստացվում, որ 13 հատից 10-ը կրկնվող է»,-նշել է նա:
Մանուկյանի բարձրաձայնած հարցին պատասխանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«10 հատը կրկնվող է, որովհետև մեր 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկաների ծրագրի մաս է: Գիտե՞ք, երբ ասում եք, որ 2023-ին մենք ասել ենք դա կկառուցենք, մենք 2023-ի բյուջեում դա ներառել չէինք կարող, որովհետև վարկային ծրագիրը դեռևս հաստատված չէր, այսինքն՝ սրանք վարկային ծրագրով կառուցվող մանկապարտեզներ են, 2024 թվականին ու 2025-ին հանձնել են նախագիծը»,-մանրամասնել է նա, իսկ քաղաքապետարանի մեկ այլ աշխատակից հավելել է, որ այժմ շինարարության մրցույթներն ընթացքի մեջ են և եկող տարի վստահաբար շինարարությունները մեկնարկելու են:
Ավինյանը Մանուկյանին ասել է, որ արդեն կարող է գնալ և ժողովրդին վստահ ասել, որ այդ 13 մանկապարտեզները կառուցվում են, ինչին ի պատասխան Մանուկյանն ասել է. «Պարո՛ն Ավինյան, «ձեր փլավին աղ լցնել չի լինի», ձեր խոսքով գնամ, ասեմ, խայտառակ լինե՞մ: Թող ձերոնք գնան, ասեն, խայտառակ լինեն»:


















































