Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից․ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը

Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրական որոշում կայացրեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով քսան տարվա ազատազրկման: Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի իրավաբանական խումբը։

«Որպես նրա իրավաբանական թիմի ներկայացուցիչներ՝ մենք հայտարարում ենք, որ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։

Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը։

Պաշտպանական կողմը զրկված է եղել  գործի նյութերին պատշաճ  ծանոթանալու հնարավորությունից՝  ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։ Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրակականացնելու հիմնարար իրավունքից։

Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին  չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։

Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար: Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական,  և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների։

Այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման. Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով: Նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին` անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել պարոն Վարդանյանի  և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև