Պուլասը դեռ չի վճարել 10,000 դոլարի գրազը. Արման Ծառուկյան
Արման Ծառուկյանը խոսել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում կայացած RAF 06 (Real American Freestyle) մրցաշարի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին՝ ներկայացնելով իր տեսանկյունը։
Ծառուկյանի խոսքով՝ Ջորջիո Պուլասիի՝ իր մրցակցի խաղային պլանը հիմնված էր սադրանքների վրա։ «Նա ուզում էր աղմուկ բարձրացնել, ոչ թե պարզապես ըմբշամարտել։ Իրական ըմբիշները նման բան չեն անում», — նշել է Արմանը՝ հավելելով, որ մրցավարը մի քանի անգամ զգուշացրել է մրցակցին կոպիտ գործողությունների համար։
Ծառուկյանը նաև հայտնել է, որ կողմերի միջև եղել է 10,000 դոլարի գրազ, ըստ որի՝ հաղթողը պետք է ստանար գումարը։ Նրա պնդմամբ՝ մինչ այս պահը գումարը չի վճարվել։
Մարզիկը ընդգծել է, որ Պուլասին գիտակցում էր իր պարտությունը և փորձում էր ստեղծել սկանդալային պահ։ «Եթե ուզում էր կռվել, կարող էինք կռվել ցանկացած տեղ, բայց ոչ ըմբշամարտի գորգի վրա», — նշել է Ծառուկյանը։
Սա Արմանի երկրորդ գոտեմարտն էր RAF լիգայում։ Նախորդ մրցաշարում նա 10:0 հաշվով հաղթել էր Լենս Փալմերին։ ՄՄԱ-ում Արման Ծառուկյանն ունի 26 մենամարտ և 23 հաղթանակ։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել էր Ջորջիո Պուլասին։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մրցակիցների միջև լարվածություն էր առաջացել, որը վերածվել էր կարճատև ձեռնամարտի։ Միջադեպին միջամտել էին երկու մարզիկների թիմերի անդամներն ու անվտանգության աշխատակիցները։















































