Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ մեզանից յուրաքանչյուրը և մենք բոլորս միասին պարտավոր ենք ձեռնամուխ լինել մեր հայրենիքի պահպանմանն ու հզորացմանը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱՆ Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը, ով միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մոտ անցյալում մենք ունեցել ենք դժվար ժամանակներ, իրադարձություններ, 44-օրյա պատերազմ, Covid-19 համավարակ, Արցախի հայաթափում, անհանդուրժողականության մթնոլորտ, եկել է մոխիրից հառնելու ժամանակը։
Եվ հենց այդ տրամաբանության մեջ ես հայտնում եմ ձեզ, որ ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և այսուհետ ծառայելու եմ ուժեղ հայրենիք ունենալու սուրբ գործին։
Սիրելի հայրենակիցներ, շատ շուտով մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ, ով մեզ կապահովի երկարատև կայուն խաղաղություն, ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի առաջարկած թույլ ժամանակավոր խաղաղության»։


















































