Ադրբեջանի արտգործնախարարությունն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Բաքվին՝ Իրանի կողմից անօդաչուներով հարձակման ենթարկվելու կապակցությամբ։ Այդ երկրների շարքում նշվում է նաեւ Հայաստանը։
Մասնավորապես՝ Ադրբեջանի X սոցիալական ցանցի էջում հրապարակվել են այն երկրների դրոշները, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Բավքին եւ դրանց թվում նաեւ հայկական եռագույնն է։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերված համերաշխությունը եւ մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, սահմանների անքակտելիությանը այս երկրների կողմից աջակցության վերահաստատումը։ Շնորհակալ ենք բոլոր երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, ովքեր կանգնած են Ադրբեջանի կողքին այս ժամանակներում»,– նշվում է հայտարարությունում։
Ինչպես հայտնել ենք՝ նախօրեին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ կողմերը մտահոգություն են հայտնել և նշել լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Միաժամանակ փորձագետները արձանագրել են, որ պաշտոնական Երեւանի որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ առ այս պահը չի այցելել Հայաստանում Իրանի դեսպանատուն ու գրառում չի արել սգո մատյանում. հիշեցնենք, որ Իրանում հայտարարվել է սուգ՝ հոգեւոր առաջնորդի եւ անմեղ երեխաների մահվան կապակցությամբ։


















































