Արարատի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերականգնված գումարի չափը կազմել է 70 միլիոն 626 հազար դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 51 միլիոն 930 հազար դրամ:
Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 1280 քմ մակերեսով հողամասը, Այգի 6 հասցեում գտնվող՝ 2100 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 591 քմ մակերեսով հողամասը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 7 միլիոն 455 հազար դրամ է:
Արարատի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 32 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 10 քրեական վարույթ:
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 19 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:


















































