Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Սահակյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 30 տարեկան։
Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին՝ Երևանում։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ Ադամը սահմանապահ գումարտակի կազմում բարձրացել էր դիրքեր։ Ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, հակառակորդը սկսեց ծանր հրետակոծություն։
15-20 րոպե տևած հրետակոծությունից հետո 112-րդ դիրքի՝ «Լալայկա» կոչվող բարձունքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ յոթ հոգուց բաղկացած սահմանապահները անցան շրջանաձև պաշտպանության։
Ադամն իր զինակից ընկերների հետ շուրջ հինգ ժամ շարունակ հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ՝ պատճառելով նրան զգալի կորուստներ։ Այդ անհավասար մարտում նա զոհվեց հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում՝ մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։
Ադամ Սահակյանի և նրա զինակիցների այդ հինգժամյա դիմադրությունը հնարավորություն տվեց Ջրականի(Ջաբրայիլ) հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի երկրորդ գծում և կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը։
Մինչև հերոսի զոհվելու լուրն իմանալը՝ նրա հարազատները համացանցում տարածել էին Ադամի լուսանկարը։ Նրանից արդեն մի քանի օր էր՝ լուր չկար։ Հարազատներին միացան նաև բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք փորձում էին գտնել երիտասարդ զինվորին։ Սակայն, ավաղ, եկավ ամենածանր լուրը․ Ադամը զոհվել էր՝ դեռևս 20 տարին չբոլորած։
Ադամ Սահակյանը 2016 թվականի ապրիլի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» պետական մեդալով, իսկ մայիսի 28-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ ՀՀ «Արիության» պետական մեդալով։
Երևանի թիվ 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը։
Այսօր Ադամը կդառնար 30 տարեկան…
30 տարի առաջ ծնվեց մի երիտասարդ, ով ապրեց ընդամենը 19 տարի, բայց իր անունը հավերժ գրեց մեր պատմության մեջ։
Հավերժ փառք Ադամ Սահակյանին։
Հավերժ խոնարհում նրա սխրանքի ու հիշատակի առաջ։
Հերոսները չեն մահանում։


















































