«ՊՆ-ն հրաժարվեց աջակցել պատերազմական տեսարանների նկարահանմանը»․ Նոնո Սարգսյանը՝ «Մոնթե» ֆիլմի գաղափարի ու բարդությունների մասին
Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանել որոշված էր վաղուց, երբ դեռ սկսվեցին «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանումները․ այս մասին պատմել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս ֆիլմերը պետք է լինեն շարունակական։

«Ամենակարևոր քայլը Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ տիկին Սեդայի, համաձայնությունը եւ օրհնությունը ստանալն էր։ Բայց այդ ժամանակ եղան մարդիկ, որ ասեցին՝ անհնար է, քանզի նա երկար տարիներ չի տվել իր համաձայնությունը, մեզ էլ չի տա, բայց նա ուներ իր հստակ պատճառները։ Ես էլ գիտակցում էի, որ եթե կա նպատակ, ապա պետք է գնալ, փորձել, կստացվի՝ լավ, եթե չի ստացվի, ապա դու կիմանաս, որ արել ես ամեն բան դրա համար։ Առաջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն ստեղծվեց ջերմ մթնոլորտ, նա կարճ ժամանակ անց տվեց իր համաձայնությունը, ինչպես նաեւ Մարքար Մելքոնյանը՝ Մոնթեի եղբայրը։ Դա մեծ երջանկություն և պատասխանատվություն է»,-նշում է Նոնո Սարգսյանը։

Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, գլխավոր օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Խորեն Լևոնյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։
Նկարահանումները սկսելուց օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանման հարցում։

«Դա նման ֆիլմի համար անելանելի իրավիճակ էր։ Ով ուզում ես լինես, չես կարող ինքդ քեզ պատերազմական տեսարան նկարահանել ֆիլմի համար, քանի որ նման տեսարանների դեպքում հիմնականում ՊՆ-ի աջակցությունը կա և իրենց ներկայացուցիչներն են գալիս։ Երևի, թե իմ կյանքի ամենաանելանի ու կոկորդիսա կանգնած իրավիճակներից էր, երբ ես պետք է նկարահանող թիմին ասեի, որ չենք սկսում ֆիլմի նկարահանումները։ Շատ դժվար էր, եւ եթե ինձ հարցնեն, թե ոնց նկարահանեցինք, ապա հստակ պատասխան չեմ տա։ Հայտնվեցին հայրենասեր մարդիկ ովքեր ձեռք մեկնեցին մեզ։ Եվ, ի վերջո, այդ ֆիլմը իմ մասին չէ, այլ Մոնթե Մելքոնյանի»,- նշում է Նոնո Սարգսյանը։
Դերասանների ընտրության, նկարահանումների ընթացքի և բարդությունների մասին ավելի մանրամասն՝ տեսանյությում․


















































