Օգոստոսի 18-19-ը տեղի ունեցավ մեր արշավ-բանակումը դեպի Խուստուփ։ Օրերն ու վայրը պատահական չէին ընտրված։ Օգոստոսի 19-ը մեր շրջանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օր է․ հենց այդ օրը ՀՄԸՄ-ն պաշտոնապես մուտք գործեց Արցախ։
Խուստուփի գագաթից երևում է մեր ծննդավայրը։ Սյունիքի չքնաղ բնությունը շատ առումներով հիշեցնում է մեր ծննդավայրի բնապատկերները։ Այդ երկու օրերի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք մի պահ կտրվել առօրյայից, զգալ բնության ուժն ու գեղեցկությունը և, կարծես, կրկին տանը զգալ մեզ։

Ճամբար հասնելուն պես սկսեցինք մեր առաջին գործը՝ վրանների տեղադրումը, որից հետո մեկնարկեց բացման արարողությունը։ Օրը շարունակվեց ազգային պարերի ուսուցմամբ, որը դարձավ ոչ միայն ուրախ ժամանցի, այլև մեր մշակույթին ևս մեկ անգամ հաղորդակից լինելու գեղեցիկ հնարավորություն։
Կանգառ Տաթևի վանական համալիրում, որտեղ ևս մեկ անգամ առիթ ունեցանք վայելելու Սյունիքի պատմական ու հոգևոր ժառանգությունը։


















































