Ամերիկացի զբոսաշրջիկն ընկել է պատառոտված ցանցաճոճից, 15 մետր թռչել ժայռից ու հրաշքով ողջ է մնացել։ Այդ մասին գրում է Daily Star-ը։
18-ամյա Մաքենզի Ռաքլիֆը, ով Ֆլորիդայից արձակուրդ է եկել Հավայան կղզիներ, որոշել է կախել ցանցաճոճը Պեպեկեոյի մերձակայքում գտնվող ժայռոտ ափին՝ ծովի տեսարանը վայելելու համար։ Աղջիկը տեղավորվել է ցանցաճոճում և զանգահարել ընկերոջը. զրույցի ընթացքում այն հանկարծակի պոկվել է, և ամերիկացին ընկել է:
Զբոսաշրջիկը բախվել է գետնին ու գլորվել ժայռից։ Աղջիկը հայտնվել է ծովում՝ ժայռի ստորոտում, որտեղ կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը։ Երբ Ռակլիֆն արթնացել է, զգացել է, որ իրեն տարել է հոսանքը. ամերիկուհին ստիպված է եղել դուրս գալ ցամաք՝ չնայած ծանր վնասվածքներին։ Արյունահոսությունը դադարեցնելու համար աղջիկը բիկինիի օգնությամբ ամուր վիրակապ է արել, ինչպես նաև սկսել է բարձրաձայն երգել իր սիրելի երգերը՝ ինքնատիրապետումն ու հանգստությունը պահպանելու համար։
«Իմ ձեռքը կոտրվել է, այն անբնական դուրս էր եկել: Ես նախկինում երբեք ոսկորներ չեմ տեսել: Ծունկս երևում էր մկանների տակից, ամեն ինչ պատռված էր»,- հիշում է Ռաքլիֆը։
40 րոպե անց զբոսաշրջիկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ աղջիկը կոտրել է ձախ ձեռքը, մատները և մեջքի ութ ողերը։ Պահանջվել է նաև ծնկի մկանների վերականգնում և ողնաշարի վիրահատություն։ Ըստ բժիշկների՝ զբոսաշրջիկը հրաշքով անդամալույծ չի մնացել։ Այժմ Ռաքլիֆը գումար է հավաքում վերականգնման համար, քանի որ նրա բժշկական ծախսերն արդեն գերազանցել են 194 հազար ֆունտ ստերլինգը (13,7 մլն ռուբլի):


















































