Հացահատիկի գործարքի շուրջ շփումները շարունակվում են, շատ հարցեր բաց են մնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Շատ հարցեր կան, որոնք մեր գործարքին են վերաբերում։ Հիմա որոշում պետք է կայացնենք»,– նշել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե հացահատիկի գործարքի վերաբերյալ ինչ հեռանկարներ կան, և արդյոք Արևմուտքն ընդառաջում է ամոնիակի մատակարարաման հարցում։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Հետագայում գործարքը երկարացվեց ևս 60 օրով` մինչև մայիսի 18–ը։
















































