«Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով ցուցմունք տված փոխգնդապետ Լևոն Հարությունյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել»։
Այս մասին NewDay.am-ին ահազանգեց նրա պաշտպան Աննա Թամազյանը։
«Լևոն Հարությունյանը ԴԱՀԿ-ից ստացել է էլեկտրոնային ծանուցում։ Ըստ այդ ծանուցման՝ իր ամբողջ գույքի վրա կալանք է դրված՝ մեքենա, տուն, բանկային քարտեր և այլ գույք։ Արգելանքը դրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Հայցը ներկայացրել է փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով անցնող Զավեն Գրիգորյանը։ Ըստ հայցի՝ պատվի և արժանապատվության ոտնահարման համար վերջինս 3 մլն դրամի պահանջ է ներկայացրել, և կիրառվել է հայցի ապահովման միջոց»,-մանրամասնեց պաշտպանը։
Աննա Թամազյանի խոսքով՝ հետաքրքիր է, որ իրենք մինչ ԴԱՀԿ-ի էլեկտրոնային ծանուցումը, որևէ ծանուցում հայցի վերաբերյալ ստացած չեն եղել, ԴԱՀԿ ծանուցումից հետո Datalex-ից փնտրել և պարզել են, որ նման հայց կա, նույնիսկ դատավոր է ինքնաբացարկ հայտարարել, հետո դատավոր է փոխվել։
«Մենք զրկված ենք եղել հայցի մասին տեղեկանալու, պատշաճ ծանուցվելու, սահմանված ժամկետում դիրքորոշում ներկայացնելու իրավունքից։ Մենք չենք կարող համարվել պատասխանող կողմ։ Բացի այդ՝ ինչպե՞ս է իմ պաշտպանյալի ողջ գույքը՝ մեքենան, տունը, հաշիվները գնահատվել 3 մլն դրամ հասկանալի չէ։ Ակնհայտ ապօրինի գործընթացներ են, բողոքարկելու ենք։ Փաստորեն նման աբսուրդ իրավիճակներ ՀՀ-ում դեռ կան»,- ասաց նա
Նա նշեց, որ հայցադիմումը ներկայացվել է 2023թ-ի դեկտեմբերի 12-ին՝ հիմքում դրված եղել Առավոտ օրաթերի 07․11․2023 թ-ի հրապարակած հոդվածը ՝ «Ծեծում էին նաեւ մահակով, Արա Մխիթարյանն ընկավ գետնին, ես իմ մարմնով փակեցի իրեն» հոդվածը, որում սպան նաև ասել է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս դեպքի վայրում է եղել։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների դեմ սուտ մատնության մասով գործ կա, դատաքննության փուլում է դեռ, երեք զինվորականի սպասվում է սպասվում է մինչև 5 տարի ազատազրկում, նրանք հիմա էլ պնդում են իրենց ցուցմունքները։
Հիշեցնենք նաև, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահցավ 2023թ-ի հուլիսի 27-ին։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որն այդ աղմուկից հետո է հայտարարել մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Գործով կալանավորված է միայն մարզպետի օգնականը։
Անի Գևորգյան


















































