Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ մարտի 12-ին, բավարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը գրավի դիմաց փոփոխելու մասին միջնորդությունը։
Դատարանը որպես գրավի չափ սահմանեց 2 միլիոն դրամը։
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին, որը կայանալու է Ժնեւում։ Մասնակցողների ցանկում է նաեւ Լեւոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
















































