Երևանի քաղաքապետարանից NewDay.am-ին տեղեկացնում են, որ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը․
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։
Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառող) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ այդմ, պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։ Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող 23 տրանսֆորմատորային ենթակայանն, անվտանգության նկատառումներից ելնելով, դուրս կբերվի և տեղ կգտնի այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։ Եվս 31 ենթակայան կարդիականացվի և կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։
Վերը նշված ծրագիրն իրագործելու նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել շուրջ 6․7 միլիարդ ՀՀ դրամ։ Ծրագիրը կիրականացվի 2-3 տարվա ընթացքում։
Քաղաքապետ Ավինյանը ողջունել է գաղափարը և հատկանշել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների չափով հնարավորինս պատրաստ է օժանդակել ծրագրի անխափան ընթացքին։