Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել, թե ինչու «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված ազգությամբ ռուս Իրինա Զախարովան չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։
Ըստ հայտարարության՝ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները: Դրանց համաձայն՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:
«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին: Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», — ասվում է հայտարարության մեջ:
Մրցույթի կազմակերպիչները հայաստանյան գործընկերներին կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին: Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան հայտարարել էր, որ չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին՝ ընտանեկան հարցերի պատճառով:


















































