Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի և պաշտոններից հրաժարված երկու փոխքաղաքապետերի՝ Արթուր Պապիկյանի և Վահագն Մկրտչյանի մամուլի ասուլիսը։
Ինչպես գիտենք, ՔՊ-ն միակողմանի խզեց «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ երկու տարի առաջ կնքած հուշագիրը՝ պատճառաբանելով, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում։
Հարությունյանը ասաց, որ ներկա պահին դեռեւս կառավարման ճգնաժամ չկա: Այսինքն եթե ամեն ինչ այսպես շարունակվի, կշարունակեն իրենց լիազորություններն իրականացնել: Իսկ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, ապա ՔՊ-ն երբեք ընտրություններից չի վախեցել: Նորից պատրաստ են ընտրական պայքարի մեջ մտնել եւ կրկին գյումրեցիներից վստահության քվե խնդրել:

















































