Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սեպտեմբերի 20-ին այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել Դրոշի հրապարակի բացմանը, որը կառուցվել է դեռեւս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում։ Monument Watch-ի փոխանցմամբ, համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության, Դրոշի հրապարակի մոտ կառուցվելու է նաեւ «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: Նշենք, որ այստեղ է կառուցվում նաեւ Ադրբեջանի «հաղթանակը» մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը կատարվել էր դեռեւս 2021 թվականի մայիսին՝ Ադրբեջանի նախագահի կողմից: 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը Շուշիի գրավմանը տալիս է առանձնահատուկ տեղ՝ որպես «Ղարաբաղի ազատագրման համար պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ»: Ուստի Շուշի քաղաքի բարձրադիր կետում կառուցվելիք այս երեք համալիրին տրվում է առանձնահատուկ նշանակություն: Այս կառույցները՝ հատկապես մզկիթը եւ թանգարանը, խորհրդանշում են հայկական Արցախի ոչնչացումը, հայության էթնիկ զտումները:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում Շուշիում ադրբեջանական թանգարանի, մզկիթի եւ հրապարակի կառուցումը հայ ժողովրդի մշակութային իրավունքների կոպիտ խախտում է։ Այն ոչ միայն ժառանգության ոչնչացման անպատժելիության հետեւանք է, այլեւ նոր ինքնության ստեղծում՝ հայկականի ժխտման ճանապարհով։ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի եւ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի համաձայն՝ արգելվում են մշաՇկութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձեւի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները։Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը, ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից, այժմ ցանկանում է յուրացման գործողությունն ամրագրել պետականորեն եւ միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքները՝ սահմանված նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով եւ ՄԱԿ-ի 1966 թվականին ընդունված Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին դաշնագրի 15-րդ հոդվածով, որն ամրագրում է յուրաքանչյուր մարդու՝ իր համայնքի մշակութային կյանքին անարգել մասնակցելու իրավունքը։ Պատմական Շուշին, որը հայ մշակույթի կարեւորագույն կենտրոնն էր, հայկական ինքնության օտարումն ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, դրա իսկության եւ ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականին Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից:


















































