Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:
Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»,- ասված է Թիֆլիսում Հայոց Ազգային խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագրում:
Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:















































