Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ընդունված պրակտիկա է դարձել համապատասխան անձանց պաշտոններին ոչ թե նշանակելու կամ ընտրելու գործընթացը, այլ բավարարվում են պաշտոնակատարների նշանակմամբ: Պաշտոնակատարի նշանակումը ենթադրում է, որ այդ պահին առկա է որոշակի անհաղթահարելի իրավիճակ, որի վերացումից հետո պետք է այդ պաշտոնին ընտրել կամ նշանակել համապատասխան որակավորում ունեցող անձի:
Այժմ ներկայացնենք ագրարային համալսարանի այն կարևորագույն ստորաբաժանումները, որոնց ղեկավարների պաշտոններում ընտրված կամ նշանակված չեն և անգամ 4-5 տարի ղեկավարում են պաշտոնակատարները՝ 1. Սիսիանի մասնաճյուղ – 2019թ. հունվարից ղեկավարում է պաշտոնակատարը 2. Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան — 2019թ. հունվարից 3. «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ — 2019թ. հունվարից 4. «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղ – 2019թ. հունվարից 5. «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ — 2019թ. հունվարից 6. Վանաձորի մասնաճյուղ – 2020 թվականից 7. Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղ – 2020 թվականից 8. «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն – 2021 թվականից 9. Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ – 2022 թվականից 10. Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն – 2022 թվականից 11. Գիտական գրադարան – 2022թվականից: Պաշտոնակատարներ են ղեկավարում նաև 5 ամբիոններում: Զավեշտն այն է , որ համալսարանում ընտրովի պաշտոնների ժամկետը 5 տարի է և ստացվում է, որ պաշտոնակատարները արդեն պաշտոնավարել են այդ 5 տարիներից 4,5 տարին: Ստացվում է, որ պաշտոնների նշանակման գործընթացում դեռևս չեն վերացել անհաղթահարելի խոչընդոտները, կամ էլ պաշտոնակատարները չեն հաղթահարել «հնգամյա փորձաշրջանը»: Հիշեցնենք նաև, որ այս շքերթի ուրախ ֆոնին համալսարան այս տարի դիմել է ընդամենը 189 դիմորդ:















































