Երեկ խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Փաշինյանը թիմակիցների հետ ներկայացում էր բեմադրել։ Յուրայինները Փաշինյանին տալիս էին պատերազամի, Արցախյան հարցում բանակցությունների վերաբերյալ հարցեր, ցիտում ընդդիմադիրներին ու դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում՝ Փաշինյանը մեղավոր է, բայց չեն կարողանում գրչով թղթին հանձնել, թե ինչում է մեղավոր, այդ պատճառով էլ նիստի ընթացքում որոշում են մեղավորներ կարգել կրկին նախկիններին՝ իրենց թողած ժառանգությամբ։
«Փաշինյանն ի՞նչ աներ» թեզը հիմնավորելու համար Արցախյան հարցում սեփական կետից բանակցող Փաշինյանը հայտարարում է, թե մտքով անցել է՝ իշխանությունը իրենց տվեցին, որովհետև հողերը հանձնելու ժամանակն էր, Սերժ Սարգսյանը բանակցում էր, որ 7 շրջանները հանձներ, բայց բանակցությունները փակուղում էին, պատերազմի անոնս էր արվել։ Եթե Փաշինյանի մտքով անցնում էր, որ իշխանությունը հանձնում են, քանի որ հողերը հանձնելու ժամանակն էր, ապա ինչու՞ էր Հանրապետության հրապարկում գոռում՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, չէ՞ր հասկանում` ինչ պատասխանատվություն է ստանձնում։ Բացի այդ՝ ի՞նչ է արել 2 տարվա ընթացքում իր կողմից մատնանշած հանձնումը կանխելու համար։ Ինչու՞ էր բանակցային մանրամասները ճշտում Ալևից, ինչու՞ էր կիրթ ու կառուցողական համարում Ալիևին և իր պատկերացմամբ ո՞րն էր այն լուծումը, որը պետք է բավարարեր երեք ժողովուրդներին։
Պարզ է՝ Փաշինյանին ժպտացող թիմակիցները, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, Փաշինյանի հիշողությունը թարմացնել չէին կարող։ Իսկ իրականում ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, թե Փաշինյանին իշխանության բերողները գիտեն, և թե հանրությունը։ Դե, իսկ Ալիևի մասին չասենք․ նա խոստովանում էր թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Սերժ Սարգսյանը ժառանգություն է թողել Արցախի պետականություն, 8000 քառակուսի կիլոմետր ազատագրված տարածք, մարտունակ և ուժեղ բանակ, ճկուն դիվանագիտություն: նախկինում բանակցությունների փաթեթում արդեն գերակա էր Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը։
Թե Մադրիդյան և թե Կազանյան փաստաթղթերը, որոնց մասին խոսում է Փաշինյանը, ոչ թե միակողմանի զիջումների մասին էին, այլ՝ փոխզիջումների։
Փաշինյանը խոսում է տարածքների հանձման պատրաստակամության մասին, բայց լղոզում կարևորը՝ ինչի՞ դիմաց։ Փոխզիջումների տրամաբանությունը հետևյալն էր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։
Երրորդ նախագահը բազմիցս հայտարարել է ՝ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։
Միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, հետևյալ կետերով․
ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։
Եթե բանակցություններն այդքան հակահայկական էին, ապա ինչու՞ Ադրբեջանը չէր շտապում փաստաթղթերը ստորագրել, ինչու՞ էր բանակցությունների սեղանին համարվում ագրեսոր, ինչու՞ էր իզգոյի կարգավիճակում հայտնվում։ Ինչու՞ էր 2016-ին պատերազմ հրահրում, հետո հրադադար խնդրում և ինչու՞ է մինչև հիմա վախով ու ատելությամբ խոսում ոչ թե Փաշինյանի այլև նախկին նախագահների մասին։
Փաշինյանին իբր հարցաքննող թիմակցիները իհարկե այս մասին հարցեր չէին ուղղի նրան, և ոչ էլ կհարցնեին Փաշինյանի գործուն ջանքերի մասին ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները փչացնելու, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից երկկողմ ֆորմատի՝ ուղիղ բանակցությունների տեղափոխելու հետևանքների մասին։
Իհարկե թիմակիցները Փաշինյանին չէին հարցնի նաև՝ ինչու՞ հետևողական չեղավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը օրակարգում պահելու համար, որոնք ենթադրում էին Կասպերշիկի առաքելության ընդլայնում, սահմանին մոնիթորինգի մեխանիզմի ներդրում։
Թե Փաշինյանը և թե իր թիմակիցները բանակցային գործընթացից քիչ թե շատ տեղյակ մարդկանց դերասանությամբ ու միֆերով խաբել չեն կարող։ Եվ քանի որ Փաշինյանը սիրում է ասել ՝ կախարդական փայտիկ կա, թող կիրառի ու հետ բերի Սարգսյանի բանակցած փաթեթը։















































