Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
«Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրեջք կատարելով Իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում:
Ամենահամեստ տվյալներով առնվազն 100 զոհի մասին են խոսում Իսրայելյան հեռուստաալիքները: Համասի գրոհայինները ներթափանցելով բնակավայրեր ուղղակի փողոցներում գնդակահարում են հասարակ մարդկանց, հիշեցնելով Բուչայի տեսարանները:
Հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան: Մեզանում միայն կարևոր են մարդկային կյանքերը, գույքի ու մնացած նյութական արժեքների մասին մեր մոտ չեն խոսում»,-գրել է նա։


















































