«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարունակում ենք հրապարակել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ Արցախի դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում տրված ցուցմունքից դրվագներ։ Նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ գործով քննիչը Սամվել Բաբայանին հարցրել է, թե պատերազմի ժամանակ ով էր ստանձնել Արցախի Հանրապետության հարավային ուղղության պաշտպանության պատասխանատվությունը, ինչն էր նշված ուղղությամբ անհաջողությունների պատճառը։
«Հարցաքննության ժամանակ հարցրել են Բաբայանին՝ ի՞նչ ես արել, որ կանխես այդ օպերացիան, ունեիր լիազորություն Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ասելու՝ ընկերներ, սխալ եք գործում։ Անվտանգության խորհրդում բազմաթիվ հարցեր են քննարկվում, ինքը պետք է կարծիքներ հայտներ ոչ թե պատերազմից հետո, երբ ամեն ինչ կորսված էր, այլ հենց այդ ժամանակ։ Այդ ո՞նց եղավ՝ օպերացիան մշակելիս ասում էր՝ «ես եմ», անարդյունավետ ավարտվում է, ասում է՝ «ես ի՞նչ կապ ունեմ, դրա համար բանակ կա»»,-մեզ հետ զրույցում ասել էր Ներսիսյանը։
Այժմ ներկայացնենք Սամվել Բաբայանի ցուցմունքից մի հատված։
Քննիչ․ «Արցախի Հանրապետության նախագահի կամ արցախյան այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ երբեւէ քննարկե՞լ եք պատերազմի ընթացքը, եւ ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը կանգնեցնելու կամ այն շարունակելու հետ կապված»։
Սամվել Բաբայան․ «Պատերազմի ընթացքում ես եւ Արայիկ Հարությունյանը պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքը, նա եւս համոզվել էր, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չէ դիմակայել հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն, սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ։ Վստահ եմ, որ վերը նշված բացթողումները չլինելու դեպքում հնարավոր էր հասնել հաջողության»։ Հիշեցնենք, որ բացթողումների մասին նույն ցուցմունքում Սամվել Բաբայանն ասել էր․ «Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների եւ տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին եւ ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․ Զորահամալրում, կարելի է ասել, չի կատարվել, եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր։ Դասալքության դեպքերը կանխելու համար աշխատանքներ պետք է տարվեին ԱՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից, մինչդեռ, իմ տեղեկություններով, բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ մնացել են, բայց թաքնվել են։ Զորահամալրման պատրաստության համար պատասխանատու եղել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եւ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ-շտաբի պետը։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ պաշտոնները զբաղեցրած անձինք թերի են կատարել իրենց պարտականությունները»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։


















































