Գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն։
Ըստ Հաջիևի՝ «միջազգային պրակտիկան և մարդասիրական սկզբունքները Հայաստանից պահանջում են նաև դադարեցնել Նախիջևանի շրջափակումը Ադրբեջանի մայրցամաքային տարածքից: Առայժմ Հայաստանից որևէ մասնակցություն չեն տեսնում։ Ընդհակառակը, Հայաստանը, նախաձեռնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, փորձում է շեղվել եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններից և կեղծ կերպով ներկայանալ որպես տարածաշրջանի ապաշրջափակմանը եռանդուն աջակցող կողմ։ Բայց իրականում հենց Հայաստանն է շարունակում խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը»։
Նա նաև հավելել է, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Պատրաստ են աշխատել Հայաստանի հետ այս առումով։ Միշտ ավելի լավ է ավելի շատ այլընտրանքներ ունենալ: Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային կապը չի ազդի նրա ինքնիշխանության վրա։















































